Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները սրում են ատելության խոսքը մեր դեմ․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին օրերին, երբ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բացահայտումներ է կատարել Երևանին նվիրաբերած աղբատար մեքենաների և դրանց դիմաց ստացած շինթույլտվությունների վերաբերյալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ֆեյքային հարձակումների է ենթարկվել։

 

«Մենք այդ ամենը շատ լավ տեսնում ենք, հավաքագրում ենք բոլոր ֆեյքերին։ Սրանով արդեն 1 տարի է զբաղվում ենք, և գիտենք, թե որ ֆեյքը ում համար և ում դեմ է աշխատում։ Խոսում են ատելությունից, զրպարտանքից, 3-րդ ճանապարհից, լուսանկարներ են տարածում, բայց սա ինձ չի զարմացնում, որովհետև դրանք ֆեյքեր են, ինձ զարմացնում է, որ այդ այլանդակությանը մասնակցում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, որոնք սրում են ատելության խոսքը մեր դեմ, որովհետև մեր կողմից կոռուպցիոն գործարքների բացահայտմանը նրանք ոչ մի հակափաստարկ չբերեցին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Անի Սամսոնյանը, ապա կոչ արեց խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին քաղաքական մշակույթ սովորեցնեն։

 

«Եթե կան մարդիկ, որոնք տարբեր հարթակներում խոսում են, որ մենք ուղղորդված ենք քաղաքական ուժերի կամ անձանց կողմից, ապա խնդրում եմ, հրապարակեք ցուցակները՝ փաստերով, ինչպես մենք ենք հրապարակում շինթույլտվությունները փաստերով, հակառակ դեպքում թող լռեն»,- ընդգծեց նա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ