Միակ մարմնամարզիկը, որը ՀՀ-ն ներկայացելու է օլիմպիական խաղերում, վնասվածք ունի

Միակ մարմնամարզիկը, որը Հայաստանը ներկայացնելու է ամառային 32-րդ օլիմպիական խաղերում՝ Արթուր Դավթյանը (բազմամարտ), մեջքի վնասվածք ունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նշեց, որ հենց այդ պատճառով է, որ Քոթբուսի աշխարհի գավաթի խաղարկությունում նրա մոտ լավ չի ստացվել հենացատկը, որը նրա ամենաուժեղ գործիքն է:

 

«Միայն դժգոհ եմ Դավթյան Արթուրից, որովհետեւ հենացատկը չարեց: Ես զարամցա, ասացի՝ ինքը կարող է պատասխանել: Փաստորեն մեջքը ցավում էր, ուղղակի չէր ասել: Վորոնինի գավաթի խաղարկության ժամանակ իմացա, ընդհուպ ասացի՝ մի մասնակցիր: Ներարկում արեցին, շատ լավ գնահատականներ ստացավ: Հենացատկն ու ազատ վարժությունը ես չթողեցի, որ նորից անի, որովհետեւ պարզ էր, որ մեջքի խնդիր կլինի: Մյուս տարին օլիմպիական է: Մեր առաջին խնդիրն է, որ տեսնենք՝ ցավն ինչից է: Բժշկի հետ պայմանավորվել է, կգնա, կտեսնենք»,- ասաց նա:

 

Ըստ մարզչի՝ հնարավոր է նյարդի հետ կապված խնդիր լինի: Նա կարծում է, որ պատճառն էլ ծանրաբեռնվածությունն է, քանի որ ուրիշ ոչինչ չի եղել, մարզումների ժամանակ չի ընկել: Ավելի վաղ Սերոբյանը հստակ որոշած է եղել՝ օլիմպիական խաղերին Արթուրն ինչ ծրագրով պետք է պատրաստվի, սակայն վնասվածքը կարող է ամեն ինչ փոխել:

 

«Կյանքում նրա առողջության հաշվին ոչինչ չեմ անի: Եթե նորմալ է, եղած ծրագրով կշարժվի»,- ասաց նա:

Այս շրջանում Դավթյանին հանգիստ է տրվել: Ամեն դեպքում անհրաժեշտ է, որ 3 մրցաշարի ու հավաքների մասնակցի, որպեսզի ստուգեն՝ ինչպես է կարողանում կատարել վարժությունները, հատկապես կարեւոր է հենացատկի 2-րդ ցատկը, որի առումով կասկածներ ունի ինչպես մարզիչը, այնպես էլ մարզիկը: Տարբեր ստուգատեսներ արդեն օգտագործել են, այսպես ասած, հետախուզական նպատակներով, եզրակացություններ են արել, թե որն ինչպես է անում: Հաջորդ տարին կսկսի Ազարյանի անվան գավաթի խաղարկությունով, որը տեղի է ունենալու ԱՄՆ-ում, դրանից հետո այնտեղ 10-օրա հավաք կանցկացնի:

 

Սերոբյանը  կրկին ընդգծեց, որ օլիմպիական խաղերում ՀՀ-ն 1 մասնակից է ունենալու: Հիշեցրեց, որ վարկանիշային գավաթի խաղարկություններից 2-ը բաց են թողնում, քանի որ Բաքվում են: Նշեց, որ աշխարհի առաջնությունում օղակների վրա վարժությունում լավ շանսեր ուներ, սակայն վարկանիշը ձեռքից բաց թողեց Արթուր Թովմասյանը: Ասաց, որ վերջին շանսը կարող էր լինել Եվրոպայի 2020թ. առաջնությունը, որտեղ բազմամարտում 2 ուղեգիր էր խաղարկվելու, սակայն դա էլ Բաքվում է: Ընդգծեց, որ, բացի նրանից, որ մրցաշարը բաց թողնելը ցավալի է օլիմպիական ուղեգրերի առումով, վնասում է նաեւ երիտասարդներին, քանի որ զրկվում են արդյունք գրանցելու ու հետեւաբար բանակից տարկետում ստանալու հնարավորությունից, ինչը կարող է ազդել նրանց մարզական կարիերայի վրա:

 

2020թ. փետրվարի վերջին կկայանա ՀՀ առաջնությունը: Այնուհետեւ մարտի 1-ից երկշաբաթյա հավաք կլինի Թբիլիսիում: Մեծահասակների հետ կմասնակցեն նաեւ երիտասարդներն ու աղջիկները: Դրանից հետո մարզիկները կմեկնեն Դոհայի աշխարհի գավաթի խաղարկության, որը թեեւ օլիմպիական վարկանիշային է, սակայն այդ առումով հայերին արդեն օգտակար չի կարող լինել: Հետո եւս գավաթի 2 խաղարկություններ կլինեն, որոնք վարկանիշային չեն՝ մեկը Սլովենիայում, մյուսը՝ Խորվաթիայում: Ըստ Սերոբյանի՝ հետո ՀԱՕԿ-ը հավաք կանի, որից հետո Արթուր Դավթյանը կմեկնի Տոկիո՝ օլիմպիական խաղեր: Եթե Սերոբյանը Տոկիո 2020-ում մրցավար լինի, Դավթյանի հետ որպես մարզիչ կմեկնի Հայկ Նազարյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ