Նոր ավիաընկերության մուտքը խաղից դուրս կթողնի գործող ավիաընկերություններին. Թունյան

Նոր ավիաընկերության մուտքը ՀՀ շուկայում արդեն իսկ գործող ընկերությունների համար անհավասար մրցակցության պայմաններ ստեղծելու ռիսկեր է պարունակում, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

 

«Սա կարող է լուրջ ռիսկեր պարունակել ու խաղից դուրս թողնել արդեն իսկ գործող ավիաընկերություններին: Օրինակ Air France-ը, որը Հայաստան է թռնում Շառլ դը Գոլ օդանավակայանից, հիմա եթե նոր ավիաընկերություն ենք ցանկանում ավելացնել ու չենք ֆիքսում նոր ուղղություն, այլ ֆիքսում ենք նոր օդանավակայան, նշանակում է, որ ինչ-որ բյուջետային ավիաընկերություն Փարիզի մեկ այլ օդանավակայանից Հայաստան կարող է թռիչք իրականացնել՝ օգտվելով այս արտոնությունից, արդյունքում մենք Հայաստանում տարիներ շարունակ գործող ավիաընկերությանը կդնենք վատ դրության մեջ», - ասաց Թունյանը:

 

Խոսելով տնտնեսական մրցակցության հանձնաժողովի եզրակացության մասին՝ Թունյանն ասաց, որ թեև վերջինիս մեջ 4 էջ ռիսկերի մասին է շարադրված, բայց դրանով հանդերձ այն դրական եզրակցություն է տվել նախագծին:

 

«Դուք նշում եք, որ ձեր հաշվարկներով 300 հազար ուղևորահոսք կավելանա, ուզում եմ տեսնել՝ որտե՞ղ են այդ հաշվարկները, ովքե՞ր են դրանք արել, հաշվե՞լ եք ընդհանրապես, թե եթե օդի պետական տուրքը հանենք, գուցե դրա արդյունքում տնտեսական էֆեկտը ավելի մեծ լինի», - ասաց Թունյանը:

Քաղաքականություն

Պատահարներ