Քոչարյանի պաշտպանները կրկին միջնորդություն ներկայացրին դատարանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դեկտեմբերի 3-ի նիստում դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննեց Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդության հարցը: Պաշտպանները դեռ սեպտեմբերին դատարանին միջնորդել էին քննարկել խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

 

Պաշտպան Հայկ Ալումյանը դատարանից խնդրեց այս շաբաթվա ընթացքում ևս մեկ նիստ հրավիրել՝ քննարկելու միջնորդությունը, որովհետև ըստ իր տեղեկությունների՝ դատավորը պետք է արձակուրդ մեկնի: Հ.Ալումյանի խոսքով՝ ըստ օրենսդրության, այն դեպքում, երբ դատավորն արձակուրդում է, և կա կալանքի տակ գտնվող ամբաստանյալ, ապա տվյալ գործը պետք է քննել առանձնահատուկ փութաջանությամբ:

 

 Ա.Դանիբեկյանը հաստատեց, որ դատարանը դեկտեմբերի 10-30-ը արձակուրդում է լինելու, և հետագա նիստերը կհրավիրվեն 2020թ. հունվարին: Դատարանն ի վերջո պաշտպաններին ժամանակ տրամադրեց միջնորդությունը հենց այսօրվա նիստում ներկայացնելու համար: Հ.Ալումյանը խնդրեց ընդմիջում հայտարարել, որպեսզի իրենց որոշումը հայտնեն, քանզի այդ տարբերակին պատրաստված չէին եկել: Դատարանը նիստն ընդմիջեց: Ընդմիջումից հետո միջնորդությամբ հանդես գալու մտադրության մասին հայտնեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դատարանը նրան միջնորդությունը ներկայացնելու հնարավորություն տվեց:

Քաղաքականություն

Պատահարներ