Այսօր՝ 1988թ.–ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է

30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ 

Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն։


Այս տարի, Կառավարության որոշմամբ, աղետի գոտու խնդիրների լուծման համար 3 մլրդ դրամ է հատկացվել։

Կառավարությունն այդ գումարով նախատեսում է լուծել աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիքների բնակարանային խնդիրները։

 

Քաղաքականություն

Պատահարներ