ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ։  Զրուցակիցները կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով:

 

Անդրադառնալով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին։

 

Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:

 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։

 

Անդրադաձ է եղել նաեւ միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Քաղաքականություն

Պատահարներ