«Իմ նախընտրած շեմը զրոն է». Ատոմ Ջանջուղազյանը դեմ է Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, որը վերաբերում է առողջապահության համընդհանուր ապահովագրությանը եւ 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն:

 

Նա այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչու են ֆինանսական բլոկը, այդ թվում ԿԲ-ն դեմ այդ նախաձեռնությանը: Նախարարը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցրել են ուղղակի հարկերը, մասնավորապես եկամտային հարկը եւ շարունակեց. «Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություններ կտա եւ նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, հավելյալ արժեք գեներացնել»:

 

Հարցին, թե իր կարծիքով որն է օպտիմալ շեմը առողջապահական հարկի, Ջանջուղազյանը պատասխանեց. «Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհացնի այդ արդյունքներին առանց կորուստների: Այդպիսի կարգավորումները խոշոր հաշվով, կվերածվի  պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման: Այդ մոդելը համենայնդեպս, մեր տարածքում եղել է եւ դժվար է գնահատել որպես ամենահաջողվածը: Ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է դիտարկվել խնդրահարույց»:

 

Տեսանյութը՝ NEWS.am

Քաղաքականություն

Պատահարներ