«Ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ներդրումներ». մեկնաբանում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ուղղությունը հստակ ամրագրված է իր ծրագրում. Մենք ասել ենք, որ պետք է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, մրցունակության բարձրացմանն ուղղված, մասնակցային, ներառական տնտեսություն ունենալ եւ դրա ուղղությամբ քայլեր են իրականացվում: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով որոշ տնտեսագետների պնդմանը, թե Հայաստանը չունի հստակ տնտեսական քաղաքականության, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս մեր երկիր:

Ներդրումներին անդրադառնալով նախարարը  նշեց. «Կա գաղափարական կաշկանդվածություն, որ այդ ներդրումները պետք է լինեն ինչ-որ սեւ արկղի մեջ դրված գումարներ, ինչ-որ մեկը պետք է գա այստեղ ու իրականացնի ինչ-որ խոշորամասշտաբ միջոցառում: Դա էլ կարող է լինել, բայց փոքր հավանականությամբ է դա տեղի ունենում այն երկրներում, որտեղ միջավայրը թափանցիկ է եւ բացակայում են խտրական մոտեցումները, չի տրվում որեւէ մեկին առանձնահատուկ նշանակություն, ոչ մրցակցային իրավիճակ չի ստեղծվում: Այդպիսի երկրներում նման զարգացման սպասումը այդքան էլ արդարացված չէ:

Ներդրումներ բերելու ճանապարհներից մեկը կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներն են: Հիմա եթե մենք չունենք այն տեղը, որտեղ կարող է որեւէ մեկը կատարել իր ոչ թե 500 մլն դոլարանոց ներդրումը, այլ 5 հազար դոլարանոց ներդրումը, դա արդեն խոչընդոտ է: Մենք այսօր ստեղծել ենք նեթակառուցվածքներ, հնարավորություն տալիս ենք ներդրումներ անել պետական պարտատոմսերում, բայց դա չի լուծում խնդիրը: Մենք ենթադրում ենք, որ ներդրումները պետք է տեղի ունենան իրական հատվածում, ընկերությունների կապիտալում, իսկ դրա ճանապարհը եւ հեռանկարում կայացած ֆինանսական շուկա ունենալու տեսլականը մեր միջոցառումների բազմության որպես արդյունք ակնկալվում է ունենալ»:

Քաղաքականություն

Պատահարներ