Քոչարյանի՝ Գյումրի ծաղկեպսակ ուղարկելը դարձել է հաշիվ պարզելու, ծեծի ու սպառնալիքի թեմա. պատգամավոր

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր քննադատությունը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։

 

Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, նրա միջոցով սպառնացել են նաև իրեն։ Ըստ պատգամավորի, բանը հասել է նրան, որ պատգամավորը դիմել է ոստիկանություն։ ԱԺ պատգամավորը գրել է․

 

«Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ՝ թե բա «խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը...

 

Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։

 

Իրեն երևի չբարարված զգալով՝ այսօր գիշեր ժամը 1-ի մոտակայքում Շեկո մականվամբ երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե՝ գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու...

 

Բնականաբար այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում։


Բայց ի լրումն սրա ասեմ՝ հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս ցավոք թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»,- գրել է նա։

 

 

Քաղաքականություն