ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղում չիբուխ ծխող մարդկանց վրա ծխախոտի օրենքի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդելու. Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին օրենքի նախագծին, ասաց, որ, եթե քննարկվում է օրենք, պետք է այն հաշվի առնել բոլոր կողմերից:

 

Պատգամավորն ասաց, որ չի ծխում, չի ծխել և չի պատրաստվում ծխել, բայց երբ ասվում է՝ ծխելը միշտ է վնասակար, կա տարիք, որ այդ տարիքից հետո բժիշկները խրախուսում են ծխել, որովհետև նիկոտինի պակասի պատճառով առողջական խնդիրներ են առաջանում: «Մեզ բաժանվեցին թղթիկներ, որի վրա գրված են սիրուն բառեր, բայց ոչ մի թիվ: Մենք քննարկում ենք օրենք, որի հետևանքներն են կարևոր»,- ասաց պատգամավորը:

 

Ինչպես նշեց պատգամավորը, իր հայրը մահացել է թոքի քաղցկեղից. երբ 60 տարեկանին մոտ նա փորձում էր թարգել ծխելը, նրա մոտ սկսեցին առողջական խնդիրներ, և բժիշկները նրան խորհուրդ տվեցին շարունակել ծխելը:

 

«Դուք չունեք թվեր, թե ովքեր են ծխում՝ ինչ տարիքի, սեռի, մարզերում թե Երևանում, որովհետև, եթե Երևանի սրճարաններում ծխելն արգելելը կարող է ազդել ծխելու վրա, ապա գյուղում այն մարդիկ, ովքեր չիբուխ են ծխում, սա նրանց վրա ոչ մի կերպ չի ազդելու»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ծխախոտի գինը բարձրացնելու արդյունքում չիբուխ ծխողները պարզ չէ՝ ինչ են սկսելու ծխել, և սրա հետևանքներն էլ ոչ մի կերպ կանխատեսված չեն:

 

Գորգիսյանն օրինակ բերեց Վրաստանի փորձը, որտեղ սկսել են թութուն ծխել, իսկ Ռուսաստանում սև շրջանառությունն է ավելացել նման սահմանափակումների շրջանակում:

 

Խոսելով նաև խանութների մասին՝ պատգամավորը նշեց, որ, եթե մարզերում 10 մլրդ շրջանառու դրամը կրճատվի, ապա այդ խանութները կարող են և սնանկանալ: «Մենք պետք է մտածենք նաև տնտեսվարողների շահերի մասին, որովհետև նրանց մուծած գումարներից, ի վերջո, նաև նախարարն է ստանում աշխատավարձ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով նաև այն փաստը, որ ՀՀ-ն ծխախոտ արտահանող երկիր է:

 

«Ես կողմ եմ առողջ ապրելակերպին, ես ինքս զբաղվում եմ սպորտով, բայց դա պետք է խրախուսել և ոչ թե ստեղծել խնդիրներ բոլորի համար՝ առանց լուծելու հիմնական խնդիրը»,- եզրափակեց իր ելույթը Գևորգ Գորգիսյանը:

 

 

Քաղաքականություն