ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՊԵԿ պաշտոնատար անձանց ձերբակալությունից

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում, որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։

 

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։

 

 Մասնավորապես, նրանք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2019 թվականի ընթացքում մի շարք անձանց կողմից արտերկրից Հայաստան ներկրված տարբեր ապրանքների նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չեն իրականացրել՝ պետության շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ կատարելու դիմաց տարբեր անձանցից պարբերաբար ստացել են 200-ից 350 դոլար կաշառք։

 

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվել են բերման ենթարկված անձանց բնակարաններն ու ավտոմեքենաները, հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր։ Ձերբակալվել են նաեւ այս գործին առնչություն ունեցող քաղաքացիներ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 

Քաղաքականություն