Զենքի գործադրմամբ՝ ավազակային հարձակում կատարող 4 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, թվով 3 իրեն անծանոթ անձինք, ներկայանալով որպես իրենց ընտանիքի ծանոթներ, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել իր տուն եւ զենքի գործադրմամբ իր կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, կանխիկ գումար եւ թանկարժեք ժամացույց՝ պատճառելով խոշոր չափի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, եւ կայացվել որոշում՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

 

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Մայակովսկի գյուղի բնակչուհու թոռը եւ եւս 3 հոգի, ովքեր հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է հիշյալ խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու այլ դեպքեր եւս: Մասնավորապես՝ խումբը ավազակային հարձակում է կատարել Աբովյան եւ Երեւան քաղաքներում գործող խանութ սրահների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Զեյթուն թաղամասում գտնվող <<Ֆլեշ>> բենզալցակայանի վրա: Վերջիններս Արմավիր մարզի Մյասնիկյան գյուղում եւս ավազակային հարձակում են կատարել եւ քաղաքացուց գումար հափշտակել:

 

Նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:

 

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերեւույթ հանցագործություն կատարած 4 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն