Ինչ են ՀՀԿ-ական պատգամավորներն ասել Ալեն Սիմոնյանին. մանրամասներ

«ՀՀ-ն զավթած է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական առումով այդ երկու անձնավորությունը տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը մեկ պետք է սպասարկեր Ռոբերտ Քոչարյանին, մեկ՝ Սերժ Սարգսյանին։

 

«Եվ այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը։ Դրա պատճառով էր, որ լրագրողներն ու միջազգային կառույցները բազմաթիվ անգամներ հնչեցրել են քաղբանտարկյալ արտահայտությունը տնտեսական ոլորտում սեփականատերեր փոխելու, դատավորներին Բաղրամյան 26-ից զանգելու սովորույթը։ Այսօր դատական համակարգում կա խնդիր և այդ համակարգի գերակա մասը այդ պատճառով ենթակա է վերանայման։ Ժողովուրդը փոխեց իշխանությունը, հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ։ Ես չեմ զլանա և կհիշեցնեմ հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը»,-նշեց նա։

 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցանկանում է այսօր գաղտնիք բացել.«Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ բակում խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնակատարություն էր տեղի ունենում և այնտեղ ՀՀԿ-ական այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին, որ ոչինչ քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում։ Կտեսնեք մի քանի օր անց ինչ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ անուններ տալ, բայց չեմ ուզում գովազդել այդ անձնավորություններին։ Այդ ժամանակ չհասկացա, թե ինչի մասին էր խոսքը, բայց տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը»։

 

Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին բողոքի ցույց էր կազմակերպված ԱԺ ցրման պահանջով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով երեկոյան նրա համակիրները հավաքվել էին Մարշալ Բաղրամյան և Կարեն Դեմիրճյան փողոցներում և շրջափակել Ազգային ժողովի շենքը։ Փաշինյանը հայտարարել էր, որ հրահանգել է, որպեսզի ԲՀԿ և ՀՅԴ բոլոր նախարարները աշխատանքից ազատման դիմում գրեն։ 

Քաղաքականություն

Պատահարներ