ԼՂ նախկին վարչապետը՝ Քոչարյանի գնահատականի, Մարտի 1-ին Արցախից ՀՀ զորք բերելու մասին

2008 թվականի մարտի 1-ին Արցախից Երեւան զորք չի բերվել, եղել է զորքերի տեղաշարժ. Այսօր Երեւանում հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու, 2008-ին Արցախի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյան:

 

«Նախ Արցախից զորք չի բերվել, բոլորդ գիտեք՝ Արցախի պաշտպանության բանակը Զինված ուժերի ստորաբաժանում է, եթե տեղաշարժ է լինում, դա չի կոչվում Արցախից բերել Հայաստան։ Դա տեղաշարժ է եղել հայկական զինված ուժերում»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, թե տեղեկություն ունեցել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երեւանում։

 

Ի պատասխան լրագրողի հարցի գնահատելով այդ հանգամանքը՝ Հարությունյանը նշել է, թե իրենք իրավունք չունեն գնահատելու, քննարկելու Զինված ուժերի հրամանները, կա հստակ հիերարխիա, հստակ կանոններ։

 

«Հրապարակ»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե «…անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին»: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյո՞ք հարցազրույցում իրեն է նկատի ունեցել Քոչարյանը.

 

«Ես չեմ քծնել երբեւէ իմ կյանքում, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Այո, ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Դա հստակ այդ գիծը կար։ Բայց նաեւ ես նույնը կրկնեցի, ինչո՞ւ չենք դիմադրել, որովհետեւ գիտեինք, այսօր էլ հայտարարում եմ՝ այն իշխանությունը, որը շեղվի արցախյան խնդրի հետ կապված անհրաժեշտ եւ ճիշտ ուղուց, ստիպված է լինելու հրաժարական տալ», - ասել է Հարությունյանը: 

 

Անդրադառնալով ՀՀ ներկա իշխանությունների Արցախի հարցով քաղաքականությանը՝ նախկին վարչապետը նշել է, թե հպարտությամբ է ասում՝ ՀՀ իշխանությունն ընտրել է այն կուրսը, որն ընդունելի է արցախցիների համար: Խոսքն, ըստ նրա՝ ինքնորոշման իրավունքի մասին է:

 

«Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել: Հանդիպումներ եղել են, բայց չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը եւ չի մասնակցում։ Չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի։ Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցային թեմա, սա նախապայման է: Հետագան կապված է Ադրբեջանի կողմից այս նախապայմանի ընդունումից։ Չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձեւ, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»,- ասել է Հարությունյանը:

 

Անդրադառնալով հնարավոր պատերազմի մասին հարցին՝ Հարությունյանը նկատել է, թե պատերազմը բացառվում է, եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ: Նրա կանխատեսմամբ Հայաստանը 2021-ին կունենա երկնիշ տնտեսական աճ:

 

«Երբ ես տարվա առաջին եռամսյակից հետո նշում էի, որ ՀՀ-ն ունենալու է 7% տնտեսական աճ, ինձ չէին հավատում: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, 2020թ. այդ աճը կլինի ավելի շատ, իսկ 2021թ. այն կլինի երկնիշ: Եթե մենք առաջիկա հինգ տարում չունենանք տնտեսական աճի բարձր տեմպեր, ապա ունենալու ենք խնդիրներ։ Պատերազմը հնարավոր է բացառել, եթե ՀՀ-ն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ։ Պատերազմը թանկ հաճույք է»,- ասել է Հարությունյանը:

 

Վերջինս անդրադարձել է նաեւ Արցախում սպասվող ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակեղծիքների մասին խոսակցություններին. «Բացառում եմ, որ ընտրակեղծիքներ կլինեն, որովհետեւ Արցախում երբեք նման բան չի եղել»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքականություն

Պատահարներ