ՀՐԱՏԱՊ. Պետհաստատություններում 543 անձ գրանցվել և գործի չի գնացել. պատճառվել է 1.4 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազությունը պետհաստատություններում հայտնաբերվել է առանց աշխատելու վարձատրում ստացած 543 անձ։ Քրեական գործերով պատճառված վնասը կազմել է մոտ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

 

Պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ հարուցվել է 254 քրեական գործ: Դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:

 

Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերվել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։

 

Ուսումնասիրությունը փաստում է, որ սխեմատիկ կոռուպցիան հիմնականում արտահայտվել է նրանում, որ հաստատությունների տեխնիկական, օժանդակող գործառույթներով հաստիքներում ամբողջ կամ կես դրույքներով նշանակվում են տարբեր, այդ թվում նաև տվյալ կազմակերպությունների ղեկավարների հետ փոխկապակցված կամ ընկերական, բարեկամական այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Վերջիններս փաստացի տևականորեն կամ չեն հաճախում աշխատանքի, կամ չեն կատարում իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները:

 

Քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի են ընդունվում անձինք, որոնց շատ կարճ ժամանակ անց, ընդ որում՝ այդ ընթացքում աշխատանքի չներկայանալու պայմաններում, տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Ապա այդ մարմինների, հաստատությունների ղեկավարների կողմից աշխատաժամանակի տեղեկագրերում պաշտոնեական կեղծիքի կատարմամբ մտցվում են նրանց կողմից այդ ընթացքում կանոնավոր աշխատանքի ներկայացած լինելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարած լինելու մասին կեղծ տվյալներ:

 

Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են  գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը, կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ են եղել:

Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1 390 329 391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1 035 253 643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355 075 748  ՀՀ դրամ։

 

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 415 555 554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93 233 387  ՀՀ դրամը։  Ընդ որում՝ ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 101 4 մլն ՀՀ դրամը։

 

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազության գործառույթների շրջանակներում ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների աշխատանքները՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ վերոնշյալ հաստատությունների հաստիքացուցակների և իրական աշխատակիցների համապատասխանությունը պարզելու,  խնդիրների առկայության դեպքում դրանց և վերաբերելի այլ փաստաթղթերում հնարավոր կեղծիքների առկայությունը ստուգելու, առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների դեպքում պատասխանատուների շրջանակը բացահայտելու, քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու նպատակով:

 

Քաղաքականություն

Պատահարներ