ՊՆ-ն նախատեսում է վերականգնել բանակի մարզական ակումբը

Ազգային ժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը:

 

Նախագծով նախատեսվում է վերականգնել բանակի մարզական ակումբը:  

«Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինվորական հաստատությունների շարքում ներառել զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկները, սահմանվում են դրանց ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ այս նախագծի՝ հավանության արժանանալու դեպքում ենթադրվում է վերականգնել բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած քաղաքացիներին, որոնք չեն ընկնում նշանակալի նվաճումներ գրանցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի շրջանակի մեջ:

 

«Այս նախագծով մեծ հնարավորություններ են բացվում բանակում սպորտային մարզաձևերի առաջխաղացման զարգացման առումով, հնարավորություն է ստեղծվում այդ ակումբային տրամաբանությունը ներմուծել համապատասխան պետական հիմնարկի կանոնադրության մեջ: Այսինքն՝ փորձ անել բյուջետային հատկացումները նվազեցնել և մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել սպորտաձևերի զարգացումը: Հիմնականում կենտրոնանալու ենք օլիմպիական մարզաձևերի վրա»,- ասաց նա:

 

Կից փաթեթով էլ փոխնախարարի ներկայացմամբ առաջարկվում է թույլ տալ, որ զինծառայողները և կենսաթոշակի անցած նախկին զինծառայողները ներգերատեսչական հանգստյան տներում անվճար կերպով հանգստանալու հնարավորություն ունենան:

 

«Սա բավական կբարձրացնի զինավորական ծառայության գրավչությունը: Շեշտը դրվելու է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ծառայողների վրա, որոնք հնարավորություն կունենան իրենց ընտանիքի անդամների հետ հանգիստը կազմակերպել ներգերատեսչական հանգստյան տներում»,- ասաց նա:

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հարցրեց՝ սպորտվաշտում ընտրության մեխանիզմը ունե՞նք մշակված, ի՞նչ սկզբունքով ենք ընտրում, ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Մենք արդեն սկսել ենք աշխատանքները նախ կանոնադրության մշակման հետ կապված, բայց դա կկարողանանք շրջանառել բացառապես օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Կառուցակարգերը հետևյալն են լինելու՝ կազմակերպվելու է համապատասխան մարզաձևերի մասնագետներից կազմված խումբ, որի մեջ ներգրավվելու են նաև պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչություններից անձինք, այդ խմբի դրական եզրակացության դեպքում նոր թեկնածուների ընտրություն է կատարվելու»:

Քաղաքականություն

Պատահարներ