Վահագն Հարությունյանին կալանավորելու երրորդ միջնորդությունն է ներկայացրել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և  նրան կալանավորելու երրորդ միջնորդությունը ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը:

Չնայած մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով՝ Հարությունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն չի եղել, նա շարունակում է մեղադրվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Հարությունյանը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է հետախուզման մեջ: Օրեր առաջ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ հայտնելով, որ նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, և խնդրելով վերացնել դրա հետ կապված տեխնիկական խնդիրները: Դիմումն, ըստ էության, Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին էր, սակայն ՀՔԾ-ն մերժել է վերացնել այն:

Քաղաքականություն

Պատահարներ