«Հրապարակ». ԱԺ-ն ստուգելու է «Լիդիան Արմենիա»-ի ներդրումների չափը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի՝ գործադիրին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը եկող շաբաթ նիստ է հրավիրել։ Դա հանձնաժողովի 3-րդ նիստն է։ Պատրաստվելու է փաստաթուղթ՝ Ամուլսարի շահագործումը ստանձնած «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող։

 

Ընկերությունը, ինչպես հայտնի է, հայտարարել է 400 միլիոն դրամի ներդրում կատարելու մասին, ԱԺ-ում կասկածներ են առաջացել այդ մասով, եւ պատկան գերատեսչություններին հարցումներ են ուղարկել, որոնց պատասխաններից պարզ կդառնա՝ ընկերությունն արե՞լ է այդքան ներդրում, թե՞ թիվն ուռճացվել է։ «Քանի դեռ չենք ստացել գերատեսչություններին ուղղված մեր հարցումների պատասխանները, ես ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը։

 

Ի դեպ, հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է 27 հանք, առաջին տեղում Ամուլսարն է, ապա՝ Թեղուտը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքը 4-րդն է։ Հերթականությունը որոշվել է հանձնաժողովի անդամների քննարկման արդյունքում՝ ասաց Բագրատյանը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն