Կասկածում եմ, որ իրավապահները Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար ունեն անհրաժեշտ կարողություններ. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Այսօր հայտնի է դարձել, որ «Հոկտեմբերի 27»-ի քրգործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։

Խորապես կասկածում եմ, որ այսօր Հայաստանի իրավապահ հահամակարգը՝ մասնավորապես դատախազությունը, ԱԱԾ-ն Հոկտեմբերի 27-ի նշանակության և կարևորության գործի բացահայտման համար ունեն անհրաժեշտ կարողություններ, և որ ավելի կարևոր է ունեն կամ հանդես կբերեն բավարար կամք և վճռականություն։

Մեր պետականության կայացման համար այս կարևորագույն հանգրվանում Հայաստանի իրավապահ, առավել ևս դատական համակարգը չի կարող մարսել Հոկտեմբերի 27-ի ծավալի գործ։ Սա առավել համոզված ասում եմ, երկու ամիս առաջ ԱԱԾ մեկուսարանում Նաիրի Հունանյանի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո։ Շտապել հաստատ պետք չէ։ Իրավապահ համակարգին պետք է ժամանակ տալ կայանալ, կայունանալուց հետո միայն նոր ձեռնամուխ լինել այս գործի վերաբացմանը։

Իսկ որ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի, որ այս գործի ամբողջական բացահայտումից հետո մենք վերջապես կվերագտնենք մեր պետական արժանապատվությունը, կասկածից վեր է»:

Քաղաքականություն

Պատահարներ