Հայաստանը ներկայացնող մարզիկները 2019 թվականին 222 մեդալ են նվաճել

2019 թվականի ընթացքում հայ մարզիկները նվաճել են, ընդհանուր առմամբ, 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե:

 

Այս մասին գրում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1), 3 արծաթե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1) և 3 բրոնզե (բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1) մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը  թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը:

 

Բացի այդ, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներն անցնող տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ  անցկացրել են  Հայաստանի Հանրապետության 100 առաջնություն, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների (բոլորը՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների):

Քաղաքականություն

Պատահարներ