Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին. ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները

Երևան- Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: Armenia Airways ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ավիաընկերության աշխատակիցը:

 

«Չվերթն իրականացել է ըստ նախատեսվածի՝ ժամանակին, ինքնաթիռը Երևանից մեկնել է 12։00-ին և Թեհրանում վայրէջք է կատարել 16։10՝ ըստ պլանավորածի: Չվերթները շարունակելու ենք»,-տեղեկացրին ավիաընկերությունից:

 

Հարցին, թե արդյոք այլևս վտանգներ չեն տեսնում, պատասխանեց՝ ավիաընկերությունը որոշել է, որ չվերթներն իրականացնելու է: Հաջորդ թռիչքը նախատեսված է հունվարի 15-ին: «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից արված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»,-նշել են ավիաընկերությունից:

 

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակի համաձայն՝ Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսված է հունվարի 15-ին ժամը 11։00-ին: Թեհրանից Երևան ժամանած ինքնաթիռը հունվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս ըստ նախատեսվածի՝ ժամը 16։06-ին: Հունվարի 15-ին նախատեսված է, որ Թեհրանից Երևան եկող ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 15։00-ին:

 

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 15-ին, հաշվի առնելով ստեղված իրավիճակը, ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ էր տվել դիտարկել Իրանի և Իրաքի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Արդյունքում «Armenia Airways»-ը չեղարկել էր հունվարի 12-ին նախատեսված չվերթները:

 

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում հունվարի 8-ին կործանվել է ր 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: Ավելի ուշ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Մի քանի խոշոր ավիաընկերություններ  դադարեցրել էին դեպի Իրան և Իրաք չվերթները, դրանց թվում էր Գերմանիայի «Լուֆթհանզա» ավիաընկերությունը, Դուբայում գործող «Էմիրաթներ» -ը և բյուջետային «Ֆլայդուբայ»-ը:

Քաղաքականություն

Պատահարներ