Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը` ժամը 13։00-ն։

Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։

 

Նշենք, որ Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ։

 

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանն՝ ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։


 

Քաղաքականություն