Ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ մարիխուանա, զենք, պայթուցիկներ

Ոստիկանությունը շարունակում է պայքարը զանազան ենթամշակութային երևույթների դեմ՝ հետևողականորեն և անզիջում։
Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով, Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի և Նաիրիի բաժիններ բերման են ենթարկվել անձինք։


Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվեց ատրճանակ, ոմանց մոտ էլ տարբեր չափսի դանակներ։


Կանխարգելիչ միջոցառման ընթացքում ոստիկանության Հրազդանի, Կոտայքի և Նաիրիի բաժիններում արձանագրվեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մարզի մի քանի բնակիչ ոստիկանություն էին բերել տարբեր տեսակի հրացաններ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պայթուցիչներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։


Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

Քաղաքականություն

Պատահարներ