«Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել

Դեռ նախորդ տարի Auroranews-ը քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

 

Քաղաքացին հայտնել էր, որ ինքը «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է, պատվեր իրականացնելու համար գնացել է «Ռոսիա Մոլ»-ին հարող տարածք։ 

«Սկզբում կայանել էի կանգառում, քանի որ պատվիրատուն այդ հասցեն էր նշել: «Ռոսիա Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները մոտեցան, ասացին, որ չթույլատրված հատվածում եմ կանգնել: Մեքենան մի փոքր առաջ տարա և կայանեցի տաքսիների համար նախատեսված հատվածում։ Նորից մոտեցան ու թե՝ «նոր չասացինք, որ սխալ տեղում ես կայանել»։ Ես էլ նշեցի, որ տեղն արդեն փոխել եմ, և այս հատվածում տաքսիների կայանումը թույլատրվում է։ Նրանցից մեկն ասաց, որ սա Խաչատուր Սուքիասյանի տարածքն է, մյուսն էլ ասաց, որ նրա անունը չտա, ու իրենք այս հարցը կկարգավորեն։ Այդ պահին ինձ հրեցին և սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Արդեն փոխադարձ հայհոյանքներից հետո ինձ գցել են մայթին, ոտքերով և ձեռքերով անկանոն հարվածներ հասցրել։ Հետո տարել են «Մոլ»-ի ետևի հատվածին հարող տարածք, որտեղ ավելի մութ էր, և շարունակել են ծեծել։ Մի կերպ հաջողացրի ու փախա մեքենայիս մոտ, եկան, հարվածեցին մեքենային, պետհամարանիշը պոկեցին։ Անընդհատ գոռում էին. «Սա մուսռ (мусор) ա, մեզ բռնել ա տալու»,- Auroranews-ին հայտնել էր  քաղաքացին՝ վստահեցնելով, որ ոստիկանությունը ցանկության դեպքում կարող է տարածքի տեսախցիկները վերցնել ու տեսնել կատարվածը։ 

 

Արդեն մեքենայի մեջ, դռները փակ վիճակում քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն․ «Զանգահարեցի, պատմեցի կատարվածի մասին, ասացին, որ 10 րոպեից կարգախումբ կգա։ Ժամանակ անցավ, զանգահարեցին ու խնդրեցին, որ ես մոտենամ ոստիկանություն, քանի որ ծանրաբեռնված են աշխատում և այս պահին մոտենալ չեն կարող։ Մոտեցա ոստիկանության Էրեբունու բաժին։ 2 ժամ անց քննիչը եկավ և արձանագրություն կազմեց, որից հետո ինձ վատ եմ զգացել ու ոստիկանությունից արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկն ասաց, որ մարմնիս տարբեր մասերում բազմաթիվ սալջարդեր ունեմ, քիթս է կոտրված»,- նշել է քաղաքացին՝ ընդգծելով, որ արդարությունից բացի իրեն ոչինչ պետք չէ։

 

Auroranews-ը կապ էր  հաստատել գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, վերջինս հերքել էր լուրը։ 

«Խոսեցի անվտանգության բաժնի աշխատակիցների հետ: Նշում են, որ երեկ իրենց մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-ասել էր Աննա Մկրտչյանը:  

 

Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն էլ  Auroranews-ին ասել էր, որ քաղաքացին ներկայացել է ոստիկանություն․«Քաղաքացու ահազանգը գրանցվել է և ընդունվել է հաղորդում հանցագործության մասին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։

 

Այսօր forrights.am -ը անդրադարձել է Auroranews-ի հրապարակմանը և տեղեկացրել, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքով քրեական գործ է հարուցվել: 

 

Գործի ընթացքի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար  Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հունվարի 8-ին ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքի հիմքով:

 

«Քրգործը հարուցվել է ՀՀ Քրօրի 258 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը: 

 

Կապ հաստատեցինք նաև  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի հետ, որը հայտնեց, որ գործը երկուշաբթի երեկոյան են ստացել և դեռ մանրամասներ չի կարող ասել: 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ