Կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ. Մելիքյանը` Կուտոյանի մահվան գործի մասին

ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։

 

«Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։ Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասաց Մելիքյանը` հավելելով, որ դիմածնոտային շրջանում վնասվածք չկա։

 

Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է CLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։

 

Մելիքյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավել, իսկ պատերին կան վնասվածքներ։
Այժմ, ըստ նրա, դեպքի վայրում գործողություններ են կատարվում Կուտոյանի կնոջ ու հոր հետ։ Բացի այդ, արդեն իսկ վերցնում են տարածքում տեսանկարահանող սարքերի տվյալները։

 

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

 

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

 

Քաղաքականություն