4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը կշարունակվի 2020թ.-ին

Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացնում են, որ 2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ, 2019-ին քաղաքապետարանը 170 ընտանիքի մի մասին փաստացի, մի մասին նախնական վկայագրի տեսքով ապահովել է բնակարաններով. «Քաղաքապետը բաշխեց նրանց վկայագրերը, որոնցից նրանց պետք է մինչեւ այս տարվա մարտը տրամադրվեն նոր բնակարանները: Բայց գիտեք, որ մենք շուտ ավարտեցինք այդ շենքի շինարարությունը, որտեղից նրանց պետք է հատկացվեին բնակարանները եւ այսօր մենք գրեթե հասել ենք այդ շենքի շինարարության ավարտին: Մինչեւ փետրվարի վերջ կունենանք շենքը պատրաստ բնակիչներին հանձնելու համար: 

Սա թող լինի մեսիջ մյուս բնակիչներին, որոնք վստահության պակասի պատճառով չկնքեցին այդ համաձայնությունները մեզ հետ: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ, այն ժամանակ չէին վստահում, հիմա փաստն իրենց աչքի առաջ է, կարող են գալ ու ստանալ իրենց բնակարանները»,-ասաց փոխքաղաքապետը: 

Նա նաեւ հավելեց, որ նախապատրաստում են նոր շենքի կառուցում Երեւանում 4-րդ կարգի շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով. «Նրանք կտեղափոխվեն փաստացի գոյություն ունեցող բնակարան: Տարածքն արդեն նախնական հստակեցված է: Կդատարկվեն 4-րդ կարգի վթարային 4-5 շենք: Մոտ 130 բնակարան կկարողանանք վերաբնակեցնել: Այդ շենքերը կքանդվեն, ներդրողները այդտեղ կկառուցեն նոր բարձրահարկ շենքեր, որի 5 հարկերը հետ կվերադարձնեն քաղաքին: Քաղաքը եւս երեք շենքերի բնակիչների կվերաբնակեցնի այդ նոր շենքերում: Ազատված շենքերը կքանդվեն եւ այսպես շղթայական ռեակցիայով շուրջ 10 տարվա մեջ կունենանք վթարային շենքերի խնդրի լուծում»,-ասաց նա: 
 

Քաղաքականություն

Պատահարներ