Բարոյականությունը թուլ չի տալիս ասեմ՝ ինչ խորհուրդներ էր հարցնում Մարուքյանը սուշի ուտելու ժամանակ. Ռուբինյան

ԱԺ-ն այսօր շարունակում է քառօրյան: Լրագրողների հետ զրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե Էդմոն Մարուքյանը կարոտել է նախկիններին, թող գնա նրանց հետ սուրճ խմի, նշելով.« Սուրճ խմողն ինքն է։ Լատենտ սուրճ խմող է,սուրճ խմողը ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ։ Ես բոլորի հետ կարող եմ սուրճ խմել, ես խնդիր չունեմ, իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղվել։ Անհետաքրքիր է իր հետ զրույցը, Ռուբինյանի հետ ինչ խոսես, ինչից խոսես, ինչ քննարկես հետը»:

 

Մարուքյանի այս հայտարարությանն արձագանքեց նաև Ռուբեն Ռուբինյանը, և լրագրողների հետ զրույցում նշեց. «Նախ այդ հանդիպումը գաղտնի չի եղել, դա եղել է 7-8 ամիս առաջ: Խոսակցության թեման եղել է այն, որ ԱԺ-ի իմքայլականները՝ ներառյալ ինձ, մտել են ԵԺԿ խմբի մեջ: Երբ ես քննարկում էի այդ հարցը, իմ գործընկերները խնդրեցին քննարկել ՀՀԿ-ի գործընկերների հետ, ովքեր եղել են ԵԺԿ-ի ասոցացված անդամ, տեղյակ պահել նաև պարոն Աշոտյանին, բարեվարքությունից ելնելով: Ես տեղյակ եմ պահել նրան, ոչ թե խնդրել եմ, ուղղակի տեղեկացրել եմ, որ մենք ԵԽԽՎ-ում մտնելու ենք ԵԺԿ խումբ»:

 

Ռուբինյանը նշեց, որ ցավում է, քանի որ ԱԺ-ում քննարկումները բովանդակազրկվում են ընդդիմության կողմից և խոհանոցային մակարդակի են դառնում.« Մարուքյանն ասում է՝ ինչի պիտի իր հետ սուրճ խմեմ, բայց ասեմ մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում, բայց բարոյականությունը թույլ չի տալիս ասել, թե ինչ հարցերի շուրջ ենք խոսել և ինչ խորհուրդներ էր հարցնում պարոն Մարուքյանը սուշի ուտելու ժամանակ»:

Անդրադառնալով ԼՀԿ-ի այն հայտարարությանը, թե «Իմ քայլ»-ը վախենում է, դրա համար էլ չթողեց քննիչ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն գործերը չբացահայտվեն, Ռուբինյանը նշեց.« Նա ասում է՝ ուզում եք կոծկել կոռուպցիան։ Ի պատասխան մենք ասում ենք՝ սիրելի՛ պարոն Մարուքյան, սիրելի՛ Էդմոն, մենք չենք ուզում կոծկել, ուղղակի կողմ ենք, որ համապատասխան հարցերը քննարկվեն Երևանի ավագանիում»:

Քաղաքականություն

Պատահարներ