Տղաներ եւ սիրելի աղջիկներ, էսօր կաք, վաղը չկաք, ձեզ նորմալ պահեք. Մարուքյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սկսել է միակողմանի սանկցիաներ կիրառել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, բայց երբ իշխող խմբակցության մեջ կան պատգամավորներ, որոնք էյֆորիայից լկտիանում են եւ մեզ համեմատում են ձիու հետ, կամ ասում են՝ աղբը քչփորողներ, բայց ԱԺ նախագահը նրանց նկատմամբ սանկցիաներ չի կիրառում: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

«Ես 7 տարվա պատգամավոր եմ. էլ սեղաններին խփել ենք, էլ տեղից գոռացել ենք, էլ միջամտել ենք, էլ թույլ չենք տվել, որ մեկը մյուսի տեղը չքվեարկի, ըստ էության, նիստը խանգարելով, բայց այդ սանկցիաներից որեւէ մեկը մեր նկատմամբ չի կիրառվել: Ուզում եմ սթափության կոչ անել՝ տղաներ եւ սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք: Ձեզ նորմալ պահեք: Ձեր ունեցած վստահությունը բացարձակ չի եւ դա չի նշանակում, որ կարող եք ձեր չափը չճանաչեք»,-ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:

 

«Մեր բոլոր գործընկերենը՝ տեղական, թե միջազգային, որոնք աջակցում են խորհրդարանի կարողությունների զարգացմանը, բոլորը պետք է տեղեկացված լինեն, որ այստեղ մարդիկ կան, որ գլուխները կորցրել են: Անգլուխ ձիավորի նման գնում են, չգիտեն՝ ուր են գնում: Այդ մարդկանց պետք է բերել, նստացնել իրենց տեղերը: Այս ամենի պատասխանատվությունը կրում է վարչապետը եւ նա եւս կզգա այդ ամենի քաղաքական հետեւանքները»,-ասաց Մարուքյանը:

Քաղաքականություն