Թրամփը մտադիր է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիների համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է յոթ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է politico.com-ը՝ հիշեցնելով, որ նախագահը երեք տարի առաջ նմանատիպ արգելք էր սահմանել մահմեդական մի շարք երկրների համար:

Թրամփն իր որոշման մասին կարող է հայտարարել արդեն երկուշաբթի: Երկրների վերջնական ցանկը հաստատված չէ, սակայն հայտնի է, որ քննարկումներն ընթանում են Բելառուսի, Ղրղզստանի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Էրիթրեայի շուրջ: Այս մասին պատմել են քաջատեղյակ աղբյուրները:

Վերջիններս մանրամասնել են, որ արգելքը սահմանվելու դեպքում կտարածվի հիշյալ պետությունների ոչ թե բոլոր քաղաքացիների, այլ որոշ պետական պաշտոնյաների կամ այցագրերի տարբեր տեսակների վրա:

Նախագահ Թրամփը նախօրեին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ փորձում է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել մի քանի երկրների համար, սակայն հրաժարվել էր մանրամասնել՝ որ պետությունների մասին է խոսքը:

Քաղաքականություն