ԱԺ-ն ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 20-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստի աշխատանքները:

Պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցումներով ընդունելու համար քվեարկեցին մի շարք նախագծեր։

 

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Այս նախագծի հիմնական նպատակը Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

 

Ինչպես ներկայացրեց նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը, այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձեւակերպում, թե ինչ է շրջիկ առեւտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առեւտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոցով եւ որ ժամերին:

 

Առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երեւան քաղաքի ավագանուն, մասնավորապես՝ Երեւան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առեւտուր, կսահմանի ժամերը եւ ծառայությունները: Առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկվում էր, որ սահմանվի տեղական տուրք՝ 50 հազար դրամի չափով:

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որոշ փոփոխություններ են կատարվել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի միջնորդությամբ հանդիպել են շրջիկ առեւտրով զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ստեղծել են ՀԿ:

Ընդառաջելով տնտեսավարողներին՝ օրենքում հնարավորություն են տալիս, որ թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ կարող են տրամադրվել մինչեւ 3-օրյա ժամկետով՝ նախապես առաջարկված 1 օրվա փոխարեն: Եվ այդ վայրերում այդ տնտեսավարողներին կթույլատրվի 23:00-ից հետ չտեղաշարժել իրենց մեքենաները, որոնցով իրականացնում են շրջիկ առեւտուրը։

 

Սահմանվել է նաեւ, որ քաղաքապետը կարող է թույլտվությունը մերժել բացառապես այն դեպքերում, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին, եւ այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել ներկայացված պահից 10-օրյա ժամկետում:

 

Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 41 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով։ ԼՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց՝ պատճառաբանելով, որ շրջիկ առեւտրի առանձնահատկությունները հաշվի չեն առնվել եւ հնարավոր է՝ մենաշնորհային դիրք ստեղծվի որոշների համար։

Քաղաքականություն