«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը «Բերկուտ» անվտանգության ծառայությունում պահնորդ է աշխատել

Երեկ զենքը ձեռքին «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած եւ կրակոցներ արձակած 32- ամյա Արթուր Թորոսյանը աշխատել է «Բերկուտ» անվտանգության ծառայությունում՝ որպես պահնորդ: Նա իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 2019-ի հոկտեմբերին:

Այս մասին գրում է armtimes.com-ը:

 

«Բերկուտ» անվտանգության ծառայության տնօրեն Վահագն Հարությունյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ ազատվելու պատճառով չի հետաքրքրվել, մտածել է, թե բարձրագույն կրթություն ստացած տղա է, հավանաբար ուզում է իր մասնագիտությամբ աշխատել.

«Ինքը մի բուհ արդեն ավարտել էր, Կառավարման ակադեմիայում էլ սովորում էր, իմ կարծիքով երեւի իր մասնագիտությամբ էր ուզում գնալ, աշխատել»,- իր երկուսուկես տարվա աշխատակցի մասին ասել է Հարությունյանը եւ շարունակել. «Իմ շփումը իր հետ շատ չի եղել, բայց ինչքանով ես գիտեմ՝ որպես պահնորդ նորմալ է իրեն դրսեւորել, գրագետ տղա, այսպես ասեմ: Անգամ ինձ համար զարմանալի էր, որ հնարավոր է այսպիսի բան անի»:

 

 Հարցին՝ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր երկուսուկես տարվա ընթացքում չի՞ նկատվել նրա մոտ՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ միայն չի նկատել, այլեւ գիտի, որ աշխատանքի ընդունվելուց առաջ բժշկական զննություն է անցել, որ պահնորդի որակավորում ստանա:

«Այսինքն այդ ամենը ինքը անցել է: Միգուցե ինչ-որ բաներ իր մոտ հետո ի հայտ են եկել, ես դա կարող էի չտեսնել, որովհետեւ մեր հարաբերությունները ամենօրյա չէին»,- հավելել է նա:

 

Խոսելով այն մասին, թե որտեղից զենք կարող էր հայտնվել Արթուր Թորոսյանի մոտ՝ «Բերկուտ»-ի տնօրենն ասել է, որ իրենց մոտ զենքով ծառայություն ընդհանրապես չկա. Արթուր Թորոսյանը պահնորդ է աշխատել «Բերկուտ»-ի համազգեստով, լոգոտիպով, բայց առանց զենքի:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն