Կանչել էի, որ գովազդեր «Ռոսսիա» մոլը. Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում է։ Թե ինչ նպատակով է այցելել խորհրդարան, Սուքիասյանը լրագրողներին ասաց՝ ԱԺ բուֆետի կարկանդակներն է կարոտել:

 

Սուքիասյանը, որը գնում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակ, պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես կարձագանքի այն հիշեցումներին, որ Սերժ Սարգսյանին ուղղված իր քննադատությունից հետո Սուքիասյանը «Ռոսիա մոլի» բացմանն էր հրավիրել նաեւ նրան, ժպտում էր եւ այլն: Գործարարը խիստ տոնով պատասխանեց, որ ոչ թե անձին, այլ ինստիտուտին է հրավիրել․

 

«Կարծում եմ՝ նախեւառաջ Խաչատուր Սուքիասյանը, ցանկացած ՀՀ քաղաքացի ոչ թե անձին է ընդունում, այլեւ ինստիտուտն է հարգում եւ ընդունում: Խոսքն այդ պահին Հայաստանի նախագահական ինստիտուտի մասին էր: Այդ պահին, այդ ժամանակ ով կլինի այդ ինստիտուտում ներգրավված կամ ընտրված մարդը, իհարկե, դու էդ ինստիտուտն ես հարգում: Արդեն կնայենք այդ անձի վարքագիծը՝ այդ անձը որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ՝ ի՞նչ ձեւ է այդ իրավունքը իրացրել, թե՞ այլ իրավունքներ է իրեն վերցրել: Ես կարծում եմ՝ այդ անձը, ում մասին դուք ասում եք, այլ իրավունքներ էլ է վերցրել, դա արդեն իմ ասելու խնդիրն է, բայց մնացածը պետք է այլ ինստիտուտներ զբաղվեն դրանով»,- ասաց Սուքիասյանը։

 

Դիտարկմանը՝ Սարգսյանին ինքն էր հրավիրել «Ռոսիա մոլի» բացմանը, նա էր այդ ինստիտուտի ղեկավարը, գործարարն արձագանքեց.

«Իհարկե, ինքը պետք է գար, որ գովազդեր իմ «Ռոսիա մոլը», որովհետեւ ես շատ տուժած էի: Որովհետեւ, երբ որ ինքն է գալիս, գալիս եք, լուսաբանում եք»:

 

Հարցին՝ այսինքն՝ որպես գործարար՝ չէ՞ր ուզում իշխանություններին տանիք պահել, դրա համար համագործակցում էր, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց.

«Լսեք, եթե տանիք պահեինք, այդ ժամանակվանից իրանց հետ կունենայինք նորմալ փոխհարաբերություն: Ես 1990-ականների վերջից մինչեւ հիմա այդ մարդկանց հետ ոչ մի այլ հարաբերություն չեմ ունեցել: Իհարկե, ինձ չեն վերցրել, մսաղացի տակ չեն մտցրել, բայց ամեն անգամ խնդիրներ են ստեղծել: Լավ, ինքներս բոլորս լավ չե՞նք հասկացել՝ ինչով են զբաղվել: Իրենց զբաղմունքը, բացի նրանից, ինչ Սահմանադրությամբ տրված է պետական պաշտոնյանին, դրանից բացի չե՞նք հասկացել՝ էլ ինչ են արել»,- ասաց գործարարը, եւ հարցին՝ իսկ ինչ են արել, պատասխանեց, թե՝ ամեն ինչ:

 

Քաղաքականություն