Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դատի են տվել Մարգարիտա Խաչատրյանին, Սաթենիկ Խլղաթյանին և Նարեկ Մութաֆյանին

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դատի են տվել «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին, «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթենիկ Խլղաթյանին: Այս մասին գրում armtimes.com-ը:

Հայցը ներկայացրել են Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը, Ռուզաննա Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Լիլիա Մինասյանը, Ջեմմա Վարդումյանը, Վարդուհի Բաղդասարյանը:

 

Նրանք պահանջում են պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

 

Հայցը ներկայացվել է հունվարի 22-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին:

Մարտի 1-ի իրավահաջորդների ներակայացուցիչ Տիգրան Եգորյանը մեր զրույցում ասաց, որ Մարգարիտա Խաչատրյանից եւ Սաթենիկ Խլղաթյանից պահանջում են ներողություն խնդրել իրենց կատարած հայտարարության համար:

 

Հարցին՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, Եգորյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի զոհերին եւ այդ հավաքներին դրսում տեղի ունեցող իրադարձությունների մասնակցության որակման մասին: Նրանք հայտարարել են, թե այդ մարդիկ դուրս էին եկել՝ փողոցային թալան իրականացնելու, իշխանակռիվ տալու: Մարտի 1-ին փողոց դուրս եկած՝ առնվազն Սահմանադրական պահանջ ներկայացնող քաղաքացիներին, այդ թվում՝ առնվազն իմ կողմից ներկայացվող 9 զոհերին, որեւէ կերպ չի կարելի վերագրել այդ գործողությունները»:

Փաստաբանը նշեց, որ, բացի ներողությունից, այլ պահանջ չունեն նրանցից:

 

Բացի դրանից Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները նույն պահանջով դատի են տվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Մութաֆյանի դեմ հայց ներկայացրել, Եգորյանը պատասխանեց. «Նա հայտարարել էր իբր 30 միլիոն դրամով ազգականների շիրիմը վաճառելու մասին»:

 

Հարցին՝ ի՞նչ են պահանջում Մութաֆյանից, նա պատասխանեց. «Նարեկ Մութաֆյանը պետք է հատուցի գումարով: Մեր գնահատմամբ՝ դա պետք է լինի առավելագույն գումարը, որ հնարավոր է պահանջել վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ»:

Այս հայցն էլ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:  

Քաղաքականություն