Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքում են ԼՂ հարցի կարգավորման՝ վարչապետի ասուլիսի ժամանակ վկայակոչված տարբերակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ պաշտոնը ստանձնելիս բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է եղել: Նա նշեց՝ իրեն ներկայացվել է փաստաթուղթ, որում անդրադարձ է եղել ԼՂ հարցի կարգավորման նպատակներին, փաստաթղթով նախատեսվել է Արցախի յոթ շրջանների վերադարձ՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում: 

Վերաբնակները, ըստ փաստաթղթի, լքելու էին 5 շրջանների տարածքները, ադրբեջանցիները մտնելու էին տարածքներ խաղաղապահների տեղակայումից հետո և այլն: 

«Որ պահին այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի: Հիմա Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»,- հարց ուղղեց Փաշինյանը: 

ՀՀ վարչապետի այս հարցմանն արձագանքեցին Արցախի նախագահի թեկնածուները: Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր քաղաքական թիմի, և համոզված է` նաև ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վարչապետի կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված տարբերակը: 


Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը, արձագանքելով վարչապետի դիտարկումներին, հայտարարությամբ հանդես եկավ: Նա նշեց՝ Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ վերջնանպատակը, Արցախի Հանրապետության ներկայիս տարածքն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ: 


Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ևս արձագանքել է վարչապետի հայտրարությանը՝ նշելով. 

«Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։ 

Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ