«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը չի ընդունում առաջադրված մեղադրանքները

«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

 

«Փաստացի գործողությունները նա ընդունում է, որ ինքն է կատարել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը) ունի խրախուսական նորմ, համաձայն որի եթե պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր փաստացի կատարած գործողությունները այլ հանցակազմ իրենց մեջ չեն պարունակում։ Այս հանգամանքից ելնելով՝ մեղադրյալ Արթուր Թորոսյանն իրեն առաջադված մեղադրանքը չի ընդունում՝ գտնելով, որ դեպքից հետո ինքը հրաժարվել է իր պահանջից և ազատ է արձակել պատանդին», – ասաց Աղաջանյանը։

 

Ըստ նրա՝ հարցաքննվել է նաև գործով տուժող անձը։

Իսկ թե ինչն էր դրդել երիտասարդին նման քայլի դիմել կամ ինչ պահանջներ է նա ներկայացրել, փաստաբանը չի մանրամասնել:

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

 

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր:

«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

 

1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

 

Ավելի վաղ հայտնել էինք` «էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած տղամարդը կալանավորվել է:

Քաղաքականություն

Պատահարներ