Մամուլի շենքում հրդեհի դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ․ «Մեդիա պաշտպան»

Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո պարզ դարձավ, որ այրվել են հոսանքահաղորդիչները և տևական ժամանակ է վերելակները չեն աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Հոսանքի հարցը լուծված չէ։ Մամուլի շենքում գտնվող լրատվականներն այս կամ այն կերպ լուծել են իրենց լույսի հարցը, որպեսզի խմբագրությունների աշխատանքը չտուժի։ Պատասխանատուները դեռևս չեն նշում վերականգնման ժամկետները, իսկ լրատվականներն ամեն օր նոր մարտահրավերների առաջ են, թե ինչպես պետք է շարունակեն իրենց աշխատանքը։ Սա պատկան մարմինների կողմից ոչ պատշաճ վերաբերմունք է շենքում աշխատողների նկատմամբ։

Դեպքի հետ կապված «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ իրենց ջանքերի շնորհիվ թերթն ու կայքը բնականոն աշխատում են. «Կայքի աշխատակիցները հիմնականում աշխատում են տնից, իսկ թերթը մեր ընկերների մոտ այն հավաքվում և տպագրվում է»։

«Նովայա Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը նշեց, որ դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ։ «Վերականգնման աշխատանքները զրոյական փուլում են։ Երեկ եմ գնացել ոնց կար հրդեհից հետո, այդպես էլ մնացել է»,- ասաց նա։

Սաթյանը նաև հավելեց, որ դիմել է պատկան մարմիններին. «Դիմել եմ պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանին։ Նշեցի գույքի վնասների չափը, բայց դեռ որևէ արձագանք չկա։ Նարեկ Բաբայանը եկավ պտտվեց ու վերջ։ Զանգահարել եմ կառավարություն, մամուլի քարտուղար էլ չկար։ Ինչ հնարավոր է, արել եմ»։

Թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ շենքի պատասխանատուն ասել է. «Ում ուզում եք բողոքեք»։ Ըստ պրն Սաթյանի՝ հրդեհը կազմակերպված է եղել և ամենաշատ տուժել է իրենց հարկը։ «Շաբաթ օրը, երբ մարդ չկա շենքում, ինչո՞ւ պետք է հրդեհ լինի։ Ֆորսմաժորային իրավիճակ է, մարդիկ առանց աշխատավարձի նստած են, թերթը լույս չի տեսնում, իսկ իրենք հանգիստ են, իրենց համար ոչ աշխատանքային օր է (նկատի ունի իշխանություններին)»։ Ըստ պարոն Սաթյանի՝ նման իրավիճակներում կառավարությունները գոնե փորձում են աջակցել, փոխհատուցել, այդ ամենի մասին առհասարակ խոսք չկա։

Պրն. Սաթյանը նաև զարմացած էր, մասնավորապես, իրենց թերթի նկատմամբ մամուլի հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների վերաբերմունքից. «Օրինակ՝ Երևանի Մամուլի ակումբը, որի ֆինանսավորումը կհերիքեր ոչ միայն հրդեհի, այլ ավելիի համար։ Ոչ մի զանգ։ Մամուլը գրում է, բայց իրենք անտարբեր են։ Դե թող գան, տեր կանգնեն։ Ազատ մամուլի մասին անընդհատ խոսում են... Հետո՞։ Մերոնք-ձերոնք, ոնց եղել է այդպես էլ մնացել է։ Ազատ մամուլն այն է, որ սրա նրա ձեռքին չի նայում։ Ամեն ինչ արված է, որ մամուլը սրա նրա ձեռքին նային։ Հիմա ես 3-րդ հարկում նստած եմ, խմբագրությունը կանգնած է, բայց ես արենդայի, սպասարկման գումար տալիս եմ, հարկերը վճարում եմ, ինչպե՞ս։ Հիմա պետք է ընկնեմ սրա նրա դուռը խնդրեմ, որ օգնեն»։

Պրն Սաթյանը նշում է, որ այս դանդաղկոտությունն ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ պետգույքի կոմիտեն փորձում է այնտեղից հանել մամուլի ներկայացուցիրչներին։ Նրա խոսքերով՝ դեռ անցած տարի հանդիպում է եղել մամուլի ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաև պրն Սաթյանը և հարց է բարձրացվել , որ պայմանագրերի ավարտից հետո մրցույթ է հայտարարվելու և ով ավել շատ գումար տա, նա էլ կաշխատի մամուլի շենքում։ Այս հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել, որից հետո պետգույքի կոմիտեն, ըստ Սաթյանի, շարունակություն չի տվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով և կոչ է անում իշխանություններին մամուլի անխափան աշխատանքները կազմակերպել այնքան ժամանակ, մինչ կվերականգնվեն հրդեհից տուժած տարածքները»,- նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Քաղաքականություն

Պատահարներ