Կորոնավիրուսի պատճառով որ մթերքներն են արգելվում ներկրել Չինաստանից. Armtimes

Չինական կենդանական ծագման մթերքի եւ հումքի ներմուծման արգելքը Հայաստանում կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել, որ վտանգը վերացած է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով Հայաստանն արգելել է Չինաստանից և չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը: Կենդանական ծագման մթերքներից Չինաստանից Հայաստան է ներմուծվում հիմնականում ծովամթերք՝ ծովախեցգետին, ծովատառեխ, օձաձուկ, ութոտնուկ և այլն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է, որ Չինաստանից ավելի շատ բուսական ծագման ապրանքներ են ներմուծվում Հայաստան՝ սոյա, բրինձ եւ մի քանի տեսակի հատիկեղեն, որոնց վրա արգելք չկա:

2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներկրվել մոտ 15 տոննա ծովամթերք: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հունվարի 26-ը (մինչև արգելքը) ներմուծվել է շուրջ 1000 կգ մթերք: ՍԱՊԾ տեսչական մարմնի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդեն իսկ ներմուծված կենդանական ծագման ապրանքի իրացման վրա ե՞ւս արգելք է դրվելու:

Վերջինս նշել է, որ որևէ արգելք չկա:

Քաղաքականություն

Պատահարներ