Հասարակություն

Եղբորս մարմինը չենք հուղարկավորելու, մինչև արդար քննություն չտարվի. մահացած զինվորի եղբայր

WRed 13,697 դիտում
Եղբորս մարմինը չենք հուղարկավորելու, մինչև արդար քննություն չտարվի. մահացած զինվորի եղբայր

Բանակում խաղաղ պայմաններում մահացած Վահրամ Ավագյանի ընտանիքը բացառում է պաշտոնական վարկածը, ըստ որի, իրենց որդին զորամասում ինքնասպան է եղել:

 

«Պատկան մարմինները համապատասխան քննություն չեն կատարում կամ փորձում են կոծկել կատարվածը. եղբայրս չէր կարող ինքնասպան լինել, նա նման քայլի ընդունակ չէր»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից բանակ զորակոչված զինվորի եղբայրը` Վահան Ավագյանը: 

 

Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: 

 

Զինվորի եղբայրը պատմում է, որ դեպքից ընդամենը մեկ ժամ առաջ է խոսել եղբոր հետ. «Ամեն ամիս իրեն գումար էինք փոխանցում ձեռքի ծախսի համար, այդ օրն էլ պետք է փոխանցեի, ու նախքան այդ երկու անգամ խոսել ենք, որովհետև բանկային քարտի հետ խնդիր էր եղել, ընկերոջ հաշվեհամարը փոխանցեց: Առաջին անգամ խոսել ենք ժամը 10:10-ին, երկրորդ անգամ դեպքից մեկ ժամ առաջ: Նա իմ եղբայրն է, ու եթե վատ վիճակում լիներ, իրեն վատ զգար գոնե ինչ-որ տարբերակով կզգայի, բայց նորմալ խոսել ենք, ամեն բան կարգին էր»: 

 

Վահանից հետաքրքրվեցինք, թե եղբայրն արդյո՞ք խնդիրներ ունեցել է ծառայության ընթացքում, երբևէ խոսել է դրանց մասին: 

 

«Ոչ մի խնդիր չի ունեցել, միշտ ասել է, որ լավ է, նորմալ ծառայում է: Ծառայության սկզբի օրերին բոլորն էլ ունենում են հարմարվելու խնդիր, բայց արդեն 6 ամսվա ծառայող էր ու որևէ խնդիր կամ կոնֆլիկտ չուներ: Մենք եղբորս մարմինը չենք հուղարկավորելու այնքան ժամանակ, մինչև արդար քննություն չտարվի, իրականությունը չպարզվի: Եղբորս չենք կարող այսպես հուղարկավորել, պատկան մարմինները պետք է պարզեն կատարվածը: Բոլորս էլ համոզված ենք, որ կատարվածը ինքնասպանություն չի, այդ ապատեղեկատվությունը պետք է հերքվի, մեղավորները պատժվեն»,- ասաց նա: 

 

Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից