Կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ. ԿԳՄՍՆ

Այսուհետև կենսաթոշակառուները հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

 

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի՝ կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, զինվորական` երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում) մշակութային օջախներ այցելելու նպատակով կտրամադրվեն անվճար տոմսեր:

 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ արվել է հնարավորը՝ առավելագույնս շատ խմբեր ծրագրում ներգրավելու համար: «Մինչ այժմ բյուջետային միջոցների հաշվին մենք իրականացրել ենք նման ծրագրեր, սակայն այժմ մեր մշակութային օջախները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել կենսաթոշակառուներին: Այս առումով ևս մենք արել ենք առավելագույնը, որ լրացուցիչ բարդություններ չստեղծենք մեր հայրենակիցների համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

 

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է այցելել իր նախընտրած յուրաքանչյուր թատերական կազմակերպություն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: «Մենք պարզեցրել ենք ընթացակարգերը. այսուհետև տոմսեր ձեռքբերելու համար կենսաթոշակառուն կարիք չունի այցելել սոցիալական տարածքային ծառայություն, նա պարզապես կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթով և անձնագրով պետք է այցելի տվյալ մշակութային օջախ, որտեղ նրան կտրամադրեն անվճար տոմս»,-նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

Բացի այդ հայտնենք, որ ՀՀ ազգային պատկերասրահը իր  պաշտոնական ֆեյսբուքյան  էջում տեղեկացնում է, որ շուտով ՀՀ-ում կցուցադրվեն իսպանացի աշխարահահռչակ նկարիչներ  Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի նկարների ցուցադրությունը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ