«Էդմոն Մարուքյան ֆան» էջը իմ մասին վիրավորանք էր գրել. Ալեն Սիմոնյան

Եթե «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ հանրաքվեն սխալ է, հակասահմանադրական է եւ պատասխանատվություն է կրում իր ընտրողների առջեւ, պետք է այդ մարդկանց ուղղորդի. Եթե իրենք ասում են հանրաքվեն հակասահմանադրական է, որ իրենք դեմ են «այո»-ին, դեմ են հանրաքվեին եւ ոչ մի գործողություն չեն անում, ստացվում է, որ ուղղակի չեն կողմնորոշվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իրենք չեն մասնակցելու հանրաքվեի գործընթացին, չեն լինելու «ոչ»-ի կամ «այո»-ի ճամբարներում, քանի որ մասնակցելով այդ գործընթացին, ըստ էության, մասնակցում են մի գործընթացի, որը հակասահմանադրական է:

 

Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարությանը, թե իրենք չեն մասնակցում գործընթացին, որպեսզի դրանով չնպաստեն ատելության գեներացմանը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Այսինքն ժողովրդի քվեարկությամբ պետք է ատելություն գերենացվի՞: Ինքը ինչ-որ թղթեր է ցույց տալիս, որ իրեն սպառնացել են: Ես կարող եմ ցույց տալ «Էդմոն Մարուքյան ֆան» էջը 2 օր առաջ ինձ մեղմ ասած ոչ հաճելի բաներ էր գրում: 

 

Վիրավորանք էր, սպառնալիք չէր: Ես դա ուղարկել եմ իրեն, ասել եմ՝ սա ի՞նչ է, Էդմոն ջան, մեր մասին ես խոսում: Ես ընդունում եմ, որ չի կարելի, որ պարոն Մարուքյանին կամ որեւէ մեկին սպառնալիք լինի: Դա անընդունելի է եւ խիստ դատապարտելի: Բայց ասել, որ սա հատուկ անում են իշխանությունները, ֆեյքեր ունեն, անընդունելի է:  Կոնկրետ ես կարող եմ ցույց տալ, թե մարդիկ ինչեր են գրում մեր մասին: Մենք որեւէ մեկին ատելու կամ վիրավորելու բան չունենք»:

 

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարությանը, որ «ոչ» քարոզող ուժերը կհամարվեն հակապետական ուժեր. «Եթե մենք քաղաքական գնահատականներն ու ատելությունը սկսենք նույնացնել, ես կարող եմ պարոն Մարուքյանի ամեն մի հարցազրույցում, սկսած վերջինից, ատելության խոսք գտնել: Իր խոսելու ձեւը, սարկազմը, ծաղրանքը: Իրականում ասվել է քաղաքական խոսք: Մենք մի խնդիր ունենք, որ քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն, ես այստեղ չեմ տեսնում ազնիվ գործելաոճ»:

 

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եթե 650-700 հազար մարդ գնաց ասաց՝ «այո», այդտեղ բոլոր իրավական հնարքները դառնում են առոչինչ. «Եթե դու ասելիք ունես քո ընտրողներին, դուրս արի փողոց, հավաքի քո 80 հազար մարդկանց եւ ասա՝ ժողովուրդ ջան, քանի որ այսպես-այսպես ենք գտնում, համարում ենք, որ պետք է «ոչ» լինի»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ