Հրապարակվել է սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, համաձայն ժամանակացույցի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին, կավարտվի ապրիլի 3-ին:

Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվում է քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ մարտի 26-ին:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ՝ մարտի 27-ին, ավարտվում մարտի 29-ին:

Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկության նախորդ օրը՝ ապրիլի 4-ին, մինչև 24:00-ն: Քվեարկությունը սկսվում է ապրիլի 5-ին՝ 08:00-ին, ավարտվում 20:00-ին: Հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին տեղեկությունները հրապարակվում են ապրիլի 5-ին՝ քվեարկության օրը, ժամը 09:00-ին: Ժամը 12:00-ից սկսած՝ մինչև 21:00-ն, երեքժամյա պարբերականությամբ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի՝ 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի, հրապարակվում են քվեարկության օրը՝ ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին և 21:00-ին:

Ձերբակալված անձանց պահելու վայրում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ձերբակալված քաղաքացիների քվեարկությունը կազմակերպվում է քվեարկության օրը ժամը 08:00-ից հետո մինչև 18:00-ն: Հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում են ապրիլի 6-ին մինչև 20:00-ն:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ ապրիլի 12-ին:

Քաղաքականություն

Պատահարներ