Կորոնավիրուսի բռնկումը կարող է իր գագաթնակետին հասնել փետրվարին

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը կարող է իր գագաթնակետին հասնել փետրվարին, ապա պլատոյի փուլի անցնել՝ ասել է Չինաստանի կառավարության համաճարակների հարցերով բժշկական գլխավոր խորհրդականը:

 

Reuters-ի հետ զրույցում համաճարակաբան Չժուն Նանշանը, որը միջազգային ճանաչում է ստացել 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարի համար, ասել է, որ որոշ նահանգներում իրավիճակն արդեն բարելավվում է, եւ հիվանդության նոր դեպքերի թիվը նվազում է:

 

Փորձագետի խոսքով՝ կանխատեսումն արվել է՝ հաշվի առնելով վերջին օրերին իրադարձությունների զարգացումն ու մոդելավորումը, ինչպես նաեւ կառավարության գործողությունները: «Այդպիսով, մենք ենթադրում են, որ դա, հավանաբար, գագաթնակետը կլինի, ամենայն հավանականությամբ՝ այս ամսվա վերջին… եվ ապա կշարունակվի պլատոյի փուլը»,- ասել է նա:

 

Նրա կարծիքով՝ վիրուսի բռնկման կենտրոնում՝ Ուհան քաղաքում, վիրուսի զսպման միջոցներն անհրաժեշտ են, ընդ որում, պետք է մեկընդմիշտ արգելել վայրի կենդանիների առեւտուրը:

Չինաստանը նաեւ պետք է կատարելագործի հիվանդության վերահսկման միջոցներն ու մասնակցի վարակիչ հիվանդությունների մասին վաղ ծանուցման գլոբալ համակարգերի ստեղծմանը:    

Քաղաքականություն

Պատահարներ