Մանկատան եւս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ. նախարարություն

Մանկատան եւս 30 շրջանավարտ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

 

«Իրականում, մեզ համար եւս շատ հուզիչ է այս իրադարձությունը: Շնորհավորում եմ բոլորիդ եւ հուսով եմ, որ այս հնարավորությունը կփոխի ձեր կյանքի որակը, կապահովի բարեկեցիկ պայմաններ՝ ընտանեկան երջանկություն ստեղծելու համար: Նախարարությունը շատ է կարեւորում նաեւ մարզերում բնակարանների ձեռքբերումը, ինչին զուգահեռ դուք առաջնահերթության կարգով կարող եք ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, վերապատրաստվել եւ զբաղվել ձեռներեցությամբ»,- արարողության ժամանակ նշել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

 

Այնուհետեւ, մանկատան շրջանավարտներին պարզաբանվել է բնակարանների գնման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր, զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու պայմանները, որոնց միջոցով նրանք կարող են ապահովել կայուն աշխատանք եւ եկամուտ:

 

Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերից՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո: Որոշումը վերաբերում է մանկատան 300 շրջանավարտների: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 1.9 մլրդ դրամ՝ իր խնայողությունների հաշվին:

 

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:

Քաղաքականություն

Պատահարներ