Մեկը ուզում է քնի, երեխեն լացում ա, ի՞նչ անենք, երեխուն շպրտենք դո՞ւրս․ Հայկ Մարությանը՝ բողոքի ակցիայի մասին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը այսօր՝ փետրվարի 11-ին, քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի մասին։

 

«Բ 4 թաղամասի բնակիչները սարսափահար  են եղել, երբ իմացել են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհը գնալու է շենքերին շատ մոտիկ, ես ուզում եմ ձեզ հարց տալ պարոն քաղաքապետ, Հրաչյա Սարգսյանը ասել է, որ այս հարցը կտեսնենք, թե ոնց ենք անում, ավելի լավ չէր այդ հարցի մասին մի հատ մտածել, այլընտրանքային տարբերակ առաջարկել  բնակիչներին, տարբերակ մտածեիք, էդ մարդկան սթրեսի չենթարկեիք»,-հարցրեց Ներսիսյանը։

 

Քաղաքապետը ի պատասխան ասաց․ «Նախ ինձ համար տարօրինակ էր, որ մարդիկ երեկ զարմացել էին, քանի որ արդեն 3 տարի տեղյակ են, որ դա պետք է տեղի ունենա,  իրենք համաձայնել են փոխհատուցումներին, այսինքն սրա մասին նոր չէ, որ իրենք տեղեկացել են, ավելին՝ իրենք համաձայն են եղել այս ամեն ինչին, բայց ինչ-որ նոր թափ է հավաքել, ես չեմ ուզում մարդկանց մեղադրել, բայց եղել են դեպքեր, երբ հավելյալ գումարային դիվիդենտներ են փորձում հավաքել»։ 

 

Մարությանը նաև հավաստիացրեց՝ սա լինելու է քաղաքի երևեկության լիցքաթափման լավագույն ճանապարհներից մեկը․ «Եթե մենք չուզեինք էլ բոլոր միջազգային նորմերին համապատասխանեցնի այս նախագիծը, ապա այնտեղ կա ADB բանկը, որը բոլոր միջազգային ընթացակարգերով է ապահովում նախագիծը, ամեն ինչ անցնում է միջազգային փորձաքննություններ։ Անձամբ ես և պարոն Մեսչյանը 2 անգամ քաղաքացիներին ընդունել ենք, լսել ենք խնդիրները և տվել ենք լավագույն լուծումները։ Ճանապարհն ինչ-որ տեղով պետք է անցնի, եթե այստեղով չանցնի, մի այլ տեղով պետք է անցնի։ Հիմա մեր շենքը, իմ պատուհանները նայում են ուղիղ մեր Արարատ լեռին, բայց մեր դեմը ինչ-որ հողատարածք է, որը վաղ թե ուշ կառուցվելու է և փակվելու է մեր դեմը, բայց դա իմ որոշումն է՝ ապրել Երևանի քաղաքի կենտրոնում, նշանակում է, որ իմ դեմը մի շենք լինելու է»։

 

Նա ասաց, որ այս պարագայում  է հենց խոսքը գերակա շահի մասին, որ պետք է մեծամասնությանը դուր գա տվյալ որոշումը․ «Այդպես է, չի լինում, որ բոլորին դուր գա, մեր անելինքն այն է, որ մեծամասնությանը մեր անելիքը օգտակար լինի։ Առնվազն 10 հոգու, 20 հոգու, 300 հոգու, 100 հոգու ինչ-որ որոշումը պետք է խանգարի։ Ուրիշ տարբերակ չկա։ Համակեցության կանոններ են, երբ ապրում ես շենքում, մեկը որ բղավում է, կողքինը լսում է, մեկը ուզում է քնի, երեխեն լացում ա, ի՞նչ անենք, երեխուն շպրտենք դո՞ւրս»։

 

Արմեն Ներսիսյանն ասաց, որ պարտադիր չէր արագընթաց ճանապարհը բնակելի շենքերի մոտ կառուցել, իսկ Հայկ Մարությանին խորհուրդ տվեց գնալ, տեսնել, նոր խոսել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ