Սահմանային ռեժիմի խախտման համար բերման է ենթարկվել 2 քաղաքացի

Փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և ԱԱԾ սահմանի վերահսկման ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Մ-ին, հայտնում է Shamshyan.com-ը։ 

 

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ վերջինս «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքով անցնելիս իր մոտ ունեցել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ եղել է 16 մմ տրամաչափի թվով 24 փամփուշտ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն իրավապահներին հայտնել է, որ հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապիկին։

Նշված հրացանը ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն։

 

Լրատվականի տեղեկություններով՝ երեկ նույնպես նույն տարածքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և նույն ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի մեկ այլ բնակիչ՝ 21-ամյա Հովհաննես Խ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ առկա են եղել 12 մմ տրամաչափի թվով 21 փամփուշտ։

Հովհաննես Խ-ն նույնպես հայտնել է, որ հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապիկին։

Նշված հրացանը նույնպես հետաքննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դավիթ Մ-ն և Հովհաննես Խ-ն համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել զենքի օրինականության հավակնության վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ