Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա ես չեմ զգում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի զգում հրեական արմատներով ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Զելենսկին այդ մասին խոսակցությունները չափազանցված է համարել:

 

«Ես ծանոթ չեմ Սորոս ազգանվամբ մարդու հետ: Երբեք նրա հետ չեմ հանդիպել: Ես հաստատ սորոսական չեմ»,- ասել է Զելենսկին:  

Նա չի բացառել, որ կան մարդիկ, որոնք սովորել են այս կամ այն հիմնադրամների միջոցներով, այդ թվում` Սորոսի հիմնադրամի, կամ աշխատել են նման հիմնադրամների ստեղծած ընկերություններում: 

 

«Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա ես չեմ զգում: Ես կարծում եմ, որ այս ամենը չափազանցված է»,- ասել է Զելենսկին:

Նախագահն ասել է, որ հումորով է վերաբերվում «սորոսական» տերմինին, որով որոշ պատգամավորներ անվանում են կառավարության անդամներին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, կառավարությունը չպետք է «միանման» լինի, առանց այլ կարծիքի կարող են ճակատագրական սխալներ լինել, վստահություն է հայտնել Զելենսկին:

 

«Պետք է լսել տարբեր կարծիքներ, տարբեր կանխատեսումներ, տարբեր ռիսկեր: Այդ իսկ պատճառով, ինձ թվում է, պետք է լինեն և՛ սորոսականներ, և հակասորոսականներ, եթե ցանկանում եք այդպես նրանց կոչել»,- ասել է Ուկրաինայի նախագահը: 

Քաղաքականություն

Պատահարներ