ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարիք չկա, որ իմ ելույթից առաջ որևէ մեկն ինձ SMS գրի. Ալեն Սիմոնյան

Որեւէ SMS, որը ես գրառել եմ եւ օգտագործել եմ իմ ելույթի մեջ, չկա եւ չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի երբ ինքը ԱԺ ամբիոնից քննադատել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս SMS է գրել Ալեն Սիմոնյանին, որ նա պատասխանի իրեն:

 

«Խմբակցության անունից իմ ելույթը գրանցված է եղել նախքան պարոն Մարուքյանի ելույթը: Փաստորեն ինքը խառնում է իր աշխատելաոճը մեր աշխատելաոճի հետ: Մեզ մոտ նման աշխատելաոճ չկա: Ես շատ վաղուցվանից ճանաչում եմ պարոն Փաշինյանին, մեր մտածելակերպը, մեր խոսակցությունը շատ-շատ բաներում համընկնում է եւ կարիք չկա, որ Ալեն Սիմոնյանի ելույթից առաջ որեւէ մեկը իրեն SMS գրի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն որոշել է չեզոք դիրք գրավել, չի միանում ՍԴ դիմելու «Լուսավոր Հայաստանի» ցանկությանը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Որովհետեւ ԲՀԿ-ն իրեն երեւի ավելի վստահ է զգում, տվայտանքների մեջ չէ, ինչպես պարոն Մարուքյանը: Պարոն Մարուքյանը ցայտնոտի մեջ է»:

Հարցին, թե ՍԴ որ անդամներն են այցելել ԱԺ նախագահին, նա ասաց, որ տեղյակ չէ. «Ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ բոլոր պետական պաշտոնյաները կարող են հանդիպել իրար: Ես էլ կարող եմ գնալ ՍԴ, եթե ինձ որեւէ մեկը հրավիրի: Սրանք ինստիտուտներ են, ոչ թե անձեր»:

 

 

Քաղաքականություն