ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տանից հափշտակել է 40 շիշ կոնյակ, ոսկյա զարդեր և այլ թանկարժեք խմիչքներ

Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին Գավառի Դիմիրճյան փողոցի մի տնից երկու անգամ գողություն էին արել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` պատուհանով մտել էին ներս, հափշտակել ոսկեղեն, կենցաղային իրեր, 40 շիշ կոնյակ և այլ թանկարժեք խմիչքներ` պատճառելով 1 միլիոն դրամից ավելի նյութական վնաս:

 

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները դեպքի վայրում համապատասխան ուսումնասիրություններ արեցին: Պարզեցին` որտեղից ինչ են գողացել: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում:

 

Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից օրեր անց բաժնի քրեական հետախույզները, փոխգործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության և քննչական մարմինների հետ, տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Գավառի Ազատության 2-րդ փողոցի 31-ամյա մի բնակիչ:

 

Փետրվարի 6-ին գողության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց կասկածյալի բնակարանում և օժանդակ շինություններում: Ոստիկանները հյուրասենյակից հայտնաբերեցին կաթուցիչ` սև նստվածքի հետքերով և կանեփանման չորացված, մանրացված զանգված, որոնք, ըստ կասկածյալի, իր օգտագործման համար էին: Ավելի ուշ պարզվեց, որ 31-ամյա տղամարդը գողոնը վաճառել է Երևանում: Նույն օրը նա, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը, նշվածից զատ, 2019 թվականի հոկտեմբերին Սայադյան փողոցի մի տնից մոտ 130.000 դրամի ոգելից խմիչք էր գողացել: Մի ուրիշ օր պատուհանով մտել էր Ազատության 2-րդ նրբանցքի տներից մեկը, բայց հարմար բան չգտնելով` հեռացել էր:

 

Քննչական փորձարարության ժամանակ տղամարդը մանրամասնել է, թե որ տուն ինչպես է մտել, որտեղից ինչ գողացել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

 

Դեմիրճյան փողոցի տնից հափշտակված գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:


Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


 

Քաղաքականություն