«Զոռբայությամբ» անցկացրած հանրաքվեն կդառնա այն ծանրաձողը, որի ծանրության տակ կմնա իշխող ուժը․ Խաժակյան

Իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացներում իշխանության Ջոկերը եղել է նախկին իշխանությունների հիշատակումը: Այդ հնարքին իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ ընդդիմության հետ բանավեճերում բովանդակային առումով տանուլ են տալիս եւ միակ ելքը մնում է նախկինի ֆոնին «ավելի լավը» երեւալը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Դավիթ Խաժակյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

««Սեւ ու սպիտակի» շարժիչը առանց սնուցման

Իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացներում իշխանության Ջոկերը եղել է նախկին իշխանությունների հիշատակումը: Այդ հնարքին իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ ընդդիմության հետ բանավեճերում բովանդակային առումով տանուլ են տալիս եւ միակ ելքը մնում է նախկինի ֆոնին «ավելի լավը» երեւալը:

Բարդ հաղթահարելի շեմով այս հանրաքվեն ունի հաջողելու մեկ բանաձեւ` սեւ ու սպիտակի բաժանման բանաձեւը, որը ատելության խոսքի շաղախումով պետք է ինտրիգ ստեղծի թեմայի շուրջ եւ ապահովի անհրաժեշտ մասնակցությունը:

Այսօր Լուսավոր Հայաստանը հայտարարեց իր դիրքորոշումը, նշելով, որ այս գործընթացը անօրինական է, իսկ քաղաքագիտական լեզվով ասած` ոչ լեգիտիմ: Այդպիսի դիրքորոշումներ են հնչում նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իշխանությունները մնալու են առանց մրցակցի:

Փաշինյանը հակապետական էր հռչակել այն ուժերին, որոնք կփորձեին հակառակվել այս գործընթացին: Այս առիթով նրան կարելի է «շնորհավորել» այն ժամանակ, երբ պարզվի, որ ոչ մի ուժ չունի ցանկություն «հակապետական ճանաչվելու», իսկ Փաշինյանը սեւ ու սպիտակի պայքարում մնացել է միայնակ:

«Զոռբայությամբ» անցկացրած եւ ընդդիմության օրինական ճանապարհի առաջարկը անտեսած հանրաքվեն կդառնա այն բարձրացված ծանրաձողը, որի ծանրության տակ կմնա իշխող ուժը` իր ցավալի ազդեցությունը թողնելով մեր պետության վրա»:

Քաղաքականություն