Երևանում ոստիկանին սպանած դեռահասը մեղսունակ է ճանաչվել. նա ընդունել է մեղքը

Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ, նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է  հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը։

 

Տիգրան Առաքելյանը սպանվել էր 2019 թվականի հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում, երբ գործընկերոջ հետ փորձել էր բերման ենթարկել կասկածելի քաղաքացիներին։

 

«3 ամիս նա գտնվում էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Նոյեմբերի 21-ին Գալստյանը տեղափոխվել էր այնտեղ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցնելու։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ»,–ասել է  նա։

 

Հարությունյանի խոսքով` տղան ընդունել է իր մեղքը, սակայն բացառել է դիտավորությունը։ Տղան չի ցանկացել ոչ մեկին կյանքից զրկել։

 

Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած` 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

Իրավապահները պարզել էին, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից:



 

Քաղաքականություն

Պատահարներ